Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Սիրողական որսի պայմանագրի հայտ

Ծառայության մասին

Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսորդության համար կենդանական աշխարհի օբյեկտներ են համարվում սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ընդգրկված և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում չընդգրկված վայրի կենդանիների տեսակները: Սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկը, ինչպես նաև որսամիջոցները, որսի արգելված ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները, որսի արգելված տարածքների ցանկը ներկայացված են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն հրամանում։
 Յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվում է սիրողական որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։
Սիրողական որսորդությունն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Պայմանագրեր կնքելու կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն  որոշմամբ:
Հայտի և պայմանագրի ձևերը սահմանված են շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի փետրվարի 12-ի N33-Ն հրամանով։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Սիրողական որսորդության համար պայմանագրերի կնքման հայտերը ներկայացվում են շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանված որսաշրջանի ընթացքում։
Սիրողական որսորդության պայմանագրեր կնքելու նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձինք շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
1)     պայմանագրի կնքման մասին հայտ՝ նշելով իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները, սոցիալական նպատակով օգտագործման ենթակա տարածքը (մարզը, որսահանդակը), որսամիջոցները, Ֆիզիկական անձինք՝ որսորդական վկայականի և որսորդական զենք կրելու վկայականի համարները, օգտագործման ժամանակահատվածը, ձկնատեսակի անվանումը (տեսակը),   քանակը (կգ)։
2)    ֆիզիկական անձինք հրազենով որս կատարելու դեպքում՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի և որսորդական վկայականի պատճենները:
Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտատուի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
 Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:

Որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը

Որսի օբյեկտ են հանդիսանում հետևյալ կենդանիների տեսակները`

ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ

 Ճահճակուղբ  - տարածված
 Մշկամուկ  - տարածված
 Ջրառնետ  - տարածված
 Նապաստակ  - տարածված
 Վայրի խոզ  - հաղթանշանային
 Այծյամ  - հաղթանշանային
 Հայկական մուֆլոն  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
 Բեզոարյան այծ  - գրանցված է ՀՀ կարմիր գրքում
 Քարակզաքիս  - փոքրաքանակ
 Գորշուկ (փորսուղ)  - փոքրաքանակ
 Եղեգնակատու  - հաղթանշանային
 Տափաստանային կատու  - հաղթանշանային
 Լուսան  - հաղթանշանային
 Աղվես  - տարածված
 Գայլ  - որսի ռեսուրսին վնաս պատճառող
 Շնագայլ  - որսի ռեսուրսին վնաս պատճառող
 

ԹՌՉՈՒՆՆԵՐ

 Կարմիր բադ  - տարածված
 Շչան բադ  - տարածված
 Կռնչան բադ  - տարածված
 Նետապոչ բադ  - տարածված
 Ճքճքան մրտիմն  - տարածված
 Սուլող մրտիմն  - տարածված
 Կարմրակտուց սուզաբադ  - տարածված
 Կարմրագլուխ սուզաբադ  - տարածված
 Փուփուլավոր սուզաբադ  - տարածված
 Ծովային սուզաբադ  - տարածված
 Սոնաբադ  - տարածված
 Մոխրագույն կաքավ  - փոքրաքանակ
 Քարակաքավ  - տարածված
 Լոր  - տարածված
 Եղեգնահավ  - տարածված
 Սև փարփար  - տարածված
 Սովորական կիվիվ  - տարածված
 Կռվակտցար  - տարածված
 Կարմրաոտ կտցար  - տարածված
 Մորակտցար  - տարածված
 Սովորական տատրակ  - տարածված
 Թխակապույտ աղավնի  - տարածված
 Անտառային աղավնի  - տարածված
 Տնային ճնճղուկ  - տարածված
 Սովորական սարյակ  - տարածված
 Սև կեռնեխ  - տարածված
 Սինակեռնեխ  - տարածված
 Դաշտային արտույտ  - տարածված
 Տափաստանային արտույտ  - տարածված
 Կաչաղակ  - որսի ռեսուրսին վնաս պատճառող
 Մոխրագույն ագռավ  - որսի ռեսուրսին վնաս պատճառող

Որսի միջոցները

Որսն իրականացվում է՝

1) որսորդական ողորկափող հրազենով,
2) ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների),
3) որսորդական սառը զենքով,
4) ինքնաորս գործիքներով` մինչև 5 համարի թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ցանցապարկերով, թարփերով,
5) տարբեր տեսակի կարթերով (կարթ, սպինինգ և այլ),
6) ջրային հրացաններով` ստորջրյա որսի համար,
7) խեցգետնորսիչներով,
8) խայծերով,
9) խրտվիլակներով,
10) որսորդական շներով,
11) որսկան թռչուններով,
12) թաքստոցներից։
16. Որսահանդակներից դուրս, կամ որսն ավարտելուց հետո, կամ ընդմիջումներին, ինչպես նաև լիազորված անձի կողմից ստուգման ժամանակ հրազենը պետք է լինի լիցքաթափված, քանդված և տեղադրված պատյանում։ Լիցքաթափված է համարվում այն հրազենը, որի փողում և պահունակում բացակայում է փամփուշտը:
17. Ձկնորսության դեպքում ձկնորսը.
1) միաժամանակ կարող է ունենալ երկու որսամիջոց (կարթ)` յուրաքանչյուրը ոչ ավել, քան երկու կեռիկով (երկու և երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),
2) խեցգետնի որսը կարող է իրականացնել առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով,
3) ստորջրյա որսը պետք է իրականացնի մասնագիտական զենքով (լարվող միայն ձեռքի ուժով)` hարպունի լայնությունը` ոչ ավել, քան 10 սմ,
4) ստորջրյա որսի ժամանակ պետք է իրեն ամրացնի հատուկ լողակ (բույ):
 

Ո՞վ կարող է որսով զբաղվել։

Հայաստանի Հանրապետությունում որսի իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր (որսորդական վկայական, որսի թույլտվություն, հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել են բնօգտագործման վճարներ և կնքել պայմանագիր կամ հանդիսանում են այդպիսի պայմանագիր կնքած իրավաբանական անձի անդամներ (աշխատողներ):

Որսի արգելված ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները

Որսը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, չի կարող իրականացվել՝
 առանց սույն կանոնների 9-րդ կետում նշված գործող փաստաթղթերի առկայության,
2) սույն կանոնների 15-րդ կետով չնախատեսվող որսագործիքներ օգտագործելով,
3) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավել վայրի կենդանիների, թույլտվությունում չնշված վայրի կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս,
4) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների վրա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
5) աղետալի վիճակում գտնվող կամ բնական աղետներից փրկվող վայրի կենդանիների վրա, կենդանիների և թռչունների մեծաքանակ կուտակումների վայրերում և միգրացիոն ուղիներում,
6) վայրի կենդանիների ձվերի և ձագերի հավաքմամբ, դրանց բների ու որջերի քանդմամբ և հավաքատեղերի վնասմամբ և ոչնչացմամբ,
7) վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով,
8) որսի համար օրենքով չնախատեսված, օրենքով սահմանված կարգով չհաշվառված կամ ապօրինի պատրաստված զենքի, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի կիրառմամբ,
9) մարտական զենքի և մարտական փամփուշտների, ինքնանետերի, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ռազմական ակոսավոր զենքի և ազդանշանային հրթիռների գործադրմամբ,
10) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ,
11) պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), գազերի և էլեկտրական հոսանքի գործադրմամբ,
12) գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների (աղբյուրների) կիրառմամբ,
13) բուսական ծածկի այրմամբ կամ ծխի օգտագործման միջոցով,
14) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի գործադրմամբ,
15) վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: